Քրիստոնեությունը սիրո ու ազատության մասին է։ Բայց «սեր և ազատություն» քարոզող ամեն ինչ չէ, որ կապ ունի Քրիստոսի հետ - հիպպիներն էլ էին սեր ու ազատություն քարոզում։
Քրիստոնեությունը մարմնականի հանդեպ հոգևորի գերակայության մասին է։ Բայց հոգևորի գերակայություն հռչակող ամեն ինչ չէ, որ քրիստոնեական է - հիշե՛ք «բախտ բացողներին», «հոգի կանչողներին», գուշակներին ու նրանց նմաններին։
Քրիստոնեությունը շնորհ աղերսելու մասին է։ Բայց բոլոր շնորհ աղերսողները չէ, որ իրավունք ունեն «քրիստոնյա» կոչվելու - «հայ մտավորական» կոչեցյալները՝ ձեզ օրինակ։
Վերջապես, Քրիստոնեությունը անձնազոհության մասին է, և ես չգիտեմ ոչ մի օրինակ, երբ որևէ մեկի անձնազոհ արարքը քրիստոնեական նշույլ իր մեջ չպարունակեր։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է ոչ միայն Քրիստոսի ծնունդը, այլ նաև Հայտնությունը։ Մենք հավատում ենք, որ երեսունամյա Քրիստոս իր հանրային ծառայությունը սկսեց նույնպես այս օրը՝ հունվարի 6-ին, Հովհաննես Կարապետից մկրտություն ստանալով։
Շուրջ 1200 օր Քրիստոս շրջում էր մարդկանց մեջ ու քարոզում։ Այսօրվա լեզվով ասած՝ նա դարձել էր «հանրային գործիչ»։
Շատերը նրան միացան, բայց երբ եկավ փորձության պահը - կողքին կանգնելու պահը, բոլորը լքեցին նրան։ Նույնիսկ ամենահավատարիմ աշակերտը լքեց։ Իսկ Քրիստոս անգամ այդ պայմաններում հավատարիմ մնաց անձնազոհության իր առաքելությանը ու գնաց մինչև վերջ՝ անձնազոհություն, որի ուղին սկսեց Հայտնությամբ։
-Քրիստոս ծնավ ու հայտնեցավ։
-Օրհնյա՛լ է հայտնությունը Քրիստոսի։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ